«Քար եք նետում համաշխարհային պատմական վեհությանը» («Իրատես de facto», թիվ 6, 2013) հոդվածի հեղինակը խիստ զայրացել է, որ իր պաշտելի Լենինին ճիզվիտ եմ անվանել, իսկ նույնքան պաշտելի Ստալինին` վիժվածք:
Ես, իհարկե, պնդում եմ նույնը և ավելի հանգամանորեն եմ պնդելու: Նախ` ասեմ, որ չէի ցանկանա ինչ-որ ճիզվիտի և նրա վիժվածքի համար հայ մարդուն վիրավորել, ինչպես, ցավոք, դա արել է պարոնը: Ընդդիմախոսիս խորհուրդ կտայի ուշադիր կարդալ «Ազգ» օրաթերթի 09.03.2010 համարում ռուսական «Новое время» լրագրից արտատպված Վիկտոր Ակսյուչիցի «Դժոխային լենինապատում» հոդվածը: Այնտեղ ճշմարտացիորեն, փաստաթղթերով, անձամբ ձեր պաշտելի Իլյիչի խոսքերով ներկայացված է ճիզվիտի (ի դեպ, այդ հոդվածում էլ նրան ճիզվիտ են անվանում. ցավոք, նախորդ հոդվածս լրագրին ուղարկելիս չէի անդրադարձել դրան) բարոյաքաղաքական, հոգեկերտվածքի անմարդկային կերպարը, իսկ դուք նրան «ամենամարդկային» մարդն եք համարում: Կարդացեք և տեսեք, թե ինչ գնահատականներ են տալիս ռուս մեծ մտավորականներ Կուպրինը, Բունինը, Բերդյաևը ձեր սիրելիին: Նրանք ձեր առաջնորդին թերմարդ, հակամարդ են անվանում, իսկ մեծ փիլիսոփա Բերդյաևը` «հայհոյական խոսքի հանճար»: Պուշկինը, ի դեպ, լավ է ասել` «Հանճարն ու չարագործություններն անհամատեղելի բաներ են»: Հոդվածը չծանրաբեռնելու համար չեմ շարադրի ողջ նողկանքս դահճի նկատմամբ` «Դժոխային լենինապատումը» մեկ անգամ ևս ընթերցելուց հետո: Դե, պարոն, պատասխան հոդված գրեք Ակսյուչիցի դեմ, եթե թույլ կտա ձեր մարդկային և, հատկապես, հայի խիղճը. այո, հայի, քանզի այն, ինչ արել են ձեր առաջնորդները մեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ, ինչպես ասել է հանճարեղ Լեռ Կամսարը «Սոցիալիզմի սահարայում». «Նա, ով վիժեցրեց Սևրի պայմանագիրը` հայ ժողովրդի ազատության խարտիան, հայ ազգի թշնամին է դարեդար»: Իսկ աշխարհին հայտնի է, որ Սևրի պայմանագիրը պատառ-պատառ արվեց խորհրդային սվինի և թուրքական յաթաղանի արյունոտ դաշինքով 1920 թ. օգոստոսի 24-ի խորհրդա-թուրքական հակահայ գաղտնի պայմանագրով, որով Ռուսաստանը լիովին փրկեց Թուրքիային վերջնական պարտությունից:
Նախորդ հոդվածում մի շարք դրվագներով անդրադարձել եմ, թե ձեր սիրելիներն ինչ են բերել մեր հայրենիքի գլխին, և դուք դա չեք ընդունել ու դպրոցականի պարզունակությամբ հայտարարում եք, թե Լենին պապին մեզ հայրենիք տվեց, փրկեց թուրքից. «Դու հայրենիք տվիր հային, որ դրախտ է աչքիս թվում, դու չես թողնի մեր Արարատ լեռը պանդուխտ մնա հեռվում»: Բայց մեծ բանաստեղծը չարաչար սխալվեց:
Ձեր պաշտելին ոչ միայն մեր ողջ հայրենիքը նվիրեց ժողովուրդների արյունով հարբած թուրքին ու կովկասյան թաթարին, այլև խաղաց սադայելական մի խաղ` տառապյալ հայ ժողովրդի աչքի առաջ, տեսանելի տարածությունում թողեց մեր ամենասրբազան խորհրդանիշները` Արարատը, Անին, որ միշտ նայենք ու տառապենք: Ինչպես ռուսական ցարերին, այնպես էլ ցար Լենինին բոլորովին էլ չէր հետաքրքրում հայերի ճակատագիրը: Նրանց հարկավոր էր նվաճել հայերից դատարկված տարածքներ. եթե չլինեին Սարդարապատի, Նժդեհի զանգեզուրյան առասպելական հերոսամարտերը, պարզապես չէր լինի ձեր պաշտելի Իլյիչի «փրկած» Հայաստանը: Եվ այսօր, մոլագարված լենինյան սնանկ գաղափարներով, ազգադավները ծաղրում են հանճարեղ Նժդեհի կերպարը, զառանցելով` «Ты кто такой? Я Гарегин Ндже», փորձելով վարկաբեկել ֆիլմի հեղինակներին:
Ստիպված եմ մի քանի դրվագով անդրադառնալ Լենինի և Ստալինի հակահայ խարդավանքներին: Այսպես. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը դավաճանություն էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հանդեպ: Այդ պայմանագրով Կարսը, Արդահանը և Սուրմալուն նվիրվեցին Թուրքիային, ինչն էլ հետագայում դարձավ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի աղետալի պայմանագրի կնքման պատճառ:
Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով ոչ միայն վավերացվեցին Թուրքիայի բոլոր զավթումները, այլև ամրագրվեցին Արցախին ու Նախիջևանին վերաբերող կետեր, որոնցով ամենաստոր կերպով նվաստացվեց մեր ժողովուրդը: Այդ որոշումներով` «Նախիջևանը հանձնել Ադրբեջանին, պայմանով, որ այն երբեք չտրվի երրորդ կողմին», այսինքն` Հայաստանին: Ակնհայտ հեռահար պանթուրքիստական ծրագիր. և հայ մարդիկ այդ հայատյացների լուսանկարները կրում էին իրենց կրծքներին:
Կարսի պայմանագրով այդ ամենը վերջնականապես վավերացվեց հայ բոլշևիկների ջերմագին մասնակցությամբ, ձեր պաշտելիների հրահանգով, արկղերով կոնյակ տանելով Կարս, որ բռնաբարող ասկյարները քեֆ անեն:
Նախքան Կարսի բանակցությունները, բոլշևիկներ Մռավյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը մեկնել էին Մոսկվա` ձեր պաշտելի Իլյիչին խնդրելու, որ գոնե ավերակված Անին Հայաստանին վերադարձվի: Հայատյաց Իլյիչն անդրդվելի էր` ինչպե՞ս կարելի էր դիպչել արյունակից Քեմալի խաթրին:
Վերադառնանք 1920 թ. սեպտեմբեր։ Բաքվում Լենինի ու Ստալինի ցուցումով, Զինովևի գլխավորությամբ և հայ ազգադավ բոլշևիկների մասնակցությամբ, կազմակերպվում է «Արևելքի ժողովուրդների կոնգրես», որտեղ Էնվերի մասնակցությամբ (վերջինս ներկայացել էր հպարտ կեցվածքով, ձի հեծած) դաշունապար կազմակերպվեց, որոտաձայն գոչելով` կորչի իմպերիալիստական Հայաստանը: Եվ արգահատելին այն է, որ հայ բոլշևիկները թռուցիկներ տարածեցին Կարսի հայ զինվորների շրջանում, կոչ անելով սպանել սպաներին, զենքերը նետել, վերադառնալ տուն, քանզի թուրքական եղբայրական բանակը գալիս է հայ ժողովրդին ազատելու դաշնակ բաշիբոզուկներից: Եվ սկսվում է համատարած դասալքություն ու հուսալքություն, որովհետև մի կողմից` թուրքական, Իջևանից` Լենինի բանակները ճզմում, ոտնատակ էին տալիս Հայաստանը` պատճառ դառնալով Կարսի և Ալեքսանդրապոլի 200 հազար հայերի բնաջնջմանը: Դե, իհարկե, հայ բոլշևիկները լավ էին յուրացրել Իլյիչի հրեշավոր գաղափարը` «Թող մեռնի ազգը, որ ապրի դասակարգը»: Եվ այդ ստոր սկզբունքով դահիճներ աթարբեկովները, ավիսնուրիջանովները, այվազովները թրքավարի հաշվեհարդար էին տեսնում հազարավոր հայ մտավորականների, զորավարների, Սարդարապատի հերոսների հետ` Երևանի բանտում կացնահարելով, ձմռան ցրտին ոտքով աքսորելով Բաքու, ապա` Ռուսաստան: Ի դեպ, այդ ազգադավ բոլշևիկները ևս երդվյալ կոմունիստներ էին, Իլյիչի հոգեզավակներ, որոնք հպարտորեն հայտարարում էին` մենք ազգ չենք ճանաչում, դա բուրժուական հասկացություն է:
Հակահայ խարդավանքներն այդ ամենով չավարտվեցին: Ձեր պաշտելիները մեր ժողովրդի դահիճներին` Էնվերին, Ջեմալին հրավիրեցին Մոսկվա, արյունոտ ձեռքերով սեղմեցին նրանց արյունաշաղախ ձեռքերը և առաջարկեցին համագործակցել խորհրդային իշխանության հետ: Էնվերը հաճույքով համաձայնեց, և նրան հայ Արշակի ուղեկցությամբ, որի ընտանիքը հենց Էնվերն էր բնաջնջել, գործուղեցին Միջին Ասիա: Էնվերը պետք է նպաստեր խորհրդային իշխանության հաստատմանը Միջին Ասիայում: Բայց նա պարզապես թքեց Լենինի երեսին և սկսեց ապստամբական լայնածավալ շարժում խորհրդային իշխանության դեմ:
Պարոնին ուզում եմ մեկ անգամ ևս հարցնել` մի՞թե սա ամենաիսկական ճիզվիտական գործելակերպ չէր` «միջոցների մեջ խտրություն չդնելով հասնել նպատակին»:
Այդ ժամանակ Թուրքեստանյան ռազմաճակատի հրամանատարն էր փառապանծ հայորդի Գասպար Ոսկանյանը, իսկ ջոկատի հրամանատար էր Հակոբ Մելքումյանը: Լենինը, Ստալինը, Տրոցկին հեռագիր հեռագրի հետևից էին ուղարկում Ոսկանյանին, թե Էնվերը մեզ պետք է միայն կենդանի: Բայց Ոսկանյանը, արհամարհելով նրանց հեռագրերը, Մելքումյանին հրամայեց` Էնվերը` միայն մեռած: Եվ դահիճը սպանվեց հայ քաջորդու ձեռքով: Լենինի նպատակն էր ամեն գնով օգտագործել Էնվերի հեղինակությունը թուրքական աշխարհում:
Բայց ձեր պաշտելի Իլյիչը դրանով չէր բավարարվում: Նա հուդա Ռադեկի միջոցով Բեռլինում բանակցում էր Թալեաթի հետ։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:
Պարոնն իր պաշտելի Իլյիչի վարկը բարձրացնելու համար դիմում է հայ մեծերի փառաբանական հոդվածներին: Նախ` կոմունիստական բռնատիրության ժամանակներում այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի տեղեկատվությունը հեղափոխական անցյալի դաժան իրադարձությունների, ոճրագորժությունների մասին յոթ փականքի տակ էր: Այո՛, շատերն էին գրում Ստալինի մասին, նաև Իսահակյանը` մեծ մարդասպանի 70-ամյակի առթիվ: Բայց հետո բոլորն էլ հասկացան, որ կամա, թե ակամա փառաբանել են դահճին: Իսկ մեծն Շիրազը, խոսելով հանճարեղ Լեռ Կամսարի մասին, գրում է. «Ես երկու անգամ պղծել եմ գրիչս, իսկ էս մարդը (Լեռ Կամսարը) երբեք չի պղծել»։ Նկատի ունի «տիեզերք է քո հոգին» տողը` նվիրված Լենինին և, «քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան»` նվիրված Ստալինին:
Ինչ վերաբերում է մեծն Իսահակյանին, դեռ 1906 թ. բանաստեղծը խստորեն դատապարտել է Լենինի գաղափարակից հայ սոցիալ-դեմոկրատների ազգավնաս գործելակերպը: Նա Վահան Տերյանին ու նրա ընկերներին ուղղակի ասում է. «Քյալլագյոզ հայ սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, թե հայ բուրժուազիան ճնշում ու շահագործում է թուրք աշխատավորությանը, դրա համար էլ լինում են բախումներ ու ջարդեր. ահա թե ինչպես լավ գաղափարները կարելի է վերածել ցնդաբանության»:
Պարոնին կհորդորեի ընթերցել հանճարեղ Լեռ Կամսարի, Նժդեհի, Կոստան Զարյանի մտքերը իր պաշտելիների, նաև այդքան փառաբանված, բայց փուչիկի նման պայթած սոցիալիզմի մասին, որը հենց Լենինի ու Ստալինի մեղքով սխալ ուղիով ընթացավ` շատ վիշտ ու տառապանք պատճառելով խորհրդային ժողովուրդներին:
Նորից եմ հարցնում` 70 տարի ապրել ենք ձեր սիրելիների ստեղծած սոցիալիզմի պայմաններում, բայց խնդրեմ ասեք` այսօր նախկին խորհրդային ո՞ր հանրապետությունը կարող է համեմատվել Եվրոպայի, ամերիկյան մայր ցամաքի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի տնտեսական, գիտական, առողջապահական նվաճումների, ժողովրդի կենսամակարդակի հետ: Այնպես որ, ավելի լավ է չխոսել ձեր սիրելիների շնորհիվ վարկաբեկված, ձախողված սոցիալիզմի մասին:
Հարկ եմ համարում նորից անդրադառնալ ձեր այն հարցադրմանը, թե բոլշևիկներն իշխանությունը նվաճեցին անարյուն, և բուրժուազիան ու կուլակությունը դիմադրեցին, դրա համար էլ զոհեր եղան, և իբր պատմական օբյեկտիվ գործընթացից խուսափել հնարավոր չէ:
Պարոն, դուք չեք ցանկանում ճշմարտացի գնահատական տալ լենինյան արկածախնդրությանը: Դեռ 1914 թ. Լենինն արտասահմանից կոչ էր անում բոլշևիկներին համաշխարհային պատերազմը վերածել քաղաքացիական, այսինքն` եղբայրասպան պատերազմի. և նա դրանից չհրաժարվեց նույնիսկ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո, որը էվոլյուցիոն ճանապարհով Ռուսաստանը տանում էր դեպի դեմոկրատացում: Լենինը լավ էր հասկանում, որ բռնի հեղաշրջմամբ Ռուսաստանը կվերածվեր իսկական մսաղացի. ահա թե որն էր նրա ճիզվիտական գործելակերպը:
Վերջապես ի՞նչ պատմական գործընթացների մասին է խոսքը. Լենինը 15 մլն զոհերին հարցրե՞լ էր, թե արդյոք նրանք համաձա՞յն են, որ իրենց երեխաների, կանանց, հայրերի, մայրերի կյանքի գնով ինչ-որ կասկածելի սոցիալիզմ կառուցվի:
Պարոն, նորից եմ պնդում, բերեք Լենինի հնչեցրած գոնե մեկ նախադասություն, մեկ բառ ի պաշտպանություն հոշոտված ոչ միայն հայ, այլև հույն, ասորի, եզդի ժողովուրդների, Կարսի ու Ալեքսանդրապոլի 200 հազար հայերի բնաջնջման, 1918 թ. սեպտեմբերին Բաքվում, 1920 թ. մարտին Շուշիում հայերի սարսափելի ջարդերի մասին:
Վերջապես, եթե մի օր բացվեն պատմական արխիվները, կասկած չկա, որ կբացահայտվեն լենինյան-բոլշևիկյան բազմաթիվ ոճրագործություններ: Թերևս կբացահայտվի, որ Լենին-Ստալին-Տրոցկի եռյակն ամեն ինչ արեց, որ պարտության մատնվի Շահումյանը, որովհետև նրանք լավ էլ հասկանում էին, որ Շահումյանի հաղթանակը կլիներ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակը Անդրկովկասում, Արևմտյան Հայաստանում, և կձախողվեր լենինյան պանթուրքիստական զառանցանքը, որպեսզի գերմանա-թուրքական զավթիչները գրավեն Բաքուն և տիրանալով նավթին` պարտության մատնեն Անտանտին: Նրանք չարձագանքեցին Շահումյանի օգնություն հայցող բազմաթիվ հեռագրերին, չնայած դա հնարավոր էր իրականացնել Կասպից ծովով:
Պարոնին նորից խորհուրդ կտայի կարդալ վերոհիշյալ հոդվածը և հենց լենինյան փաստաթղթերով համոզվել, որ ձեր պաշտելի Իլյիչը ոչ միայն մարդասպան ճիզվիտ է, այլև իր բարոյական, հոգեկան կերտվածքով արհամարհելի մի անհատ` իր կեղտոտ ու լկտի բառապաշարով։ Անհատ, որն այնքան չարիք, վիշտ ու տառապանք պատճառեց ոչ միայն հայ ժողովրդին: Նա աշխարհում առաջինը ստեղծեց համակենտրոնացման ճամբարներ, որտեղ տանջամահ էին անում միլիոնավոր մարդկանց. աշխարհում առաջինն օգտագործեց քիմիական զենք ապստամբ գյուղացիների դեմ` Տուխաչևսկուն հրամայելով գազախեղդ անել անտառում թաքնված գյուղացիներին. աշխարհում առաջինը ներքին ահաբեկության նպատակով պատժիչ ջոկատներ ստեղծեց բազմազգ լյումպենից` գերմանական, չեխական, ավստրո-հունգարական, թուրքական ռազմագերիներից: Նա այնքան անմարդկային եղավ, որ չխնայեց կայսերական ընտանիքի տասնյակ անչափահաս երեխաների, աղջիկների ու կանանց: Վերջապես, ստեղծեց հնարովի Ադրբեջան` ի հաշիվ Հայաստանի, փրկեց Թուրքիան վերջնական ջախջախումից` այն դարձնելով պանթուրքիստական մի դագանակ հարևան ժողովուրդների գլխին:
Պարոնը հպարտորեն խոսում է «կարմիր տեռորի» մասին, չըմբռնելով, որ այն ոչ այնքան ուղղված էր լենինյան կործանարար արկածախնդրությունը չընդունող մենշևիկների ու էսէռների դեմ, որքան ողջ երկրին հաց մատակարարող, մոլագար բռնությամբ ունեզրկված, բոլշևիկյան բառապաշարով կուլակ հորջորջված գյուղացիության, երկիրը շենացնող, տնտեսությունը զարգացնող, մշակույթն ու կրթությունը հովանավորող բուրժուազիա անվանված արդյունաբերողների, հոգևորականների դեմ: Վերջիններս, ի տարբերություն բոլշևիկյան մարդատյացության, քարոզում էին բարոյականություն, հանդուրժողություն, խաղաղություն, հաշտություն: Հասարակության այս շերտերը տասնյակ միլիոններ էին, որոնք ոչնչացվում էին լենինյան ավերիչ մոլագարությամբ, միայն թե հաղթանակեր կասկածելի, անհեռանկար համաշխարհային հեղափոխությունը` հսկայածավալ երկրի ավերակների վրա: Հետևանքը եղավ այն, որ 1921-1922 թթ. սարսափելի սով սկսվեց, որին զոհ գնաց 5 մլն մարդ:
Ահա այսպիսին էին հոգով ու մարմնով եղկելի ձեր պաշտելիները: Իսկ անաչառ պատմությունը նրանց վերագրված համաշխարհային պատմական վեհության լուսապսակը կնետի պատմության աղբանոցը, քանզի հենց նրանք հիմնովին վարկաբեկեցին ազնիվ ուտոպիստների և հանճարեղ Մարքսի ու Էնգելսի երազած սոցիալիզմը:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ